ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Տնտեսական զարգացման և ճգնաժամերի առանձնահատկությունները Թուրքիայում

Տնտեսական զարգացման և ճգնաժամերի առանձնահատկությունները Թուրքիայում
31.03.2009 | 00:00

ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ
Թուրքիայում ներդրված պետականության քեմալիստական մոդելը ներառում է էտատիզմի սկզբունքներ։ Այսինքն` պետական հատվածի առաջատար դերը տնտեսության մեջ, պետության ուժեղ վերահսկողությունն ընդհանուր տնտեսական գործընթացների նկատմամբ, քանի որ այդքան գաղափարականացված ռեժիմը չէր կարող տասնամյակներ գոյություն ունենալ մի երկրում, ուր խիստ ցածր էր սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը, և առկա են բազմաբնույթ էթնիկական ու կրոնական խմբեր։
Թուրքական տնտեսությունը ձևավորվել է հետամնաց հողօգտագործման և կոմպրադորա-լիվանտիստական տնտեսական ավանդույթների վրա, ինչպես նաև ազգային բուրժուազիայի թուլության պայմաններում։ Որոշ ուսումնասիրողներ էլ համարում են, որ էտատիզմը Թուրքիայում գաղափարախոսության մաս չէ, այլ միայն անցումային շրջանի գործիք, որի օգնությամբ ստեղծվեց ժամանակակից տնտեսության նյութական բազան։ Այսինքն` էտատիզմը Թուրքիայի պետական քաղաքականության մեջ ներկայացվում է ոչ թե իբրև գաղափարախոսական բաղադրիչ, այլ քաղաքական պրագմատիզմի դրսևորում։
Անհրաժեշտ է նկատել, սակայն, որ այդ քաղաքականությունը գոյություն ունեցավ մոտ հինգ տասնամյակ` 1920-ականներից մինչև 1970-ականները։ Միայն 1980-ականներին Թուրքիան իսկապես լիբերալ ռեֆորմներ ձեռնարկեց տնտեսության մեջ։ Վերոնշյալ 5 տասնամյակները համադրելի են ԽՍՀՄ-ում և այլ երկրներում կոմունիստական ռեժիմների գոյության հետ։ Բայց հարկ է ընդգծել, որ կոմունիստական երկրներում այդ ընթացքում հաջողվեց ստեղծել ավելի զարգացած արդյունաբերական հասարակություն, բնակչության անհամեմատ բարձր սոցիալ-տնտեսական մակարդակ։ 1980-ականների սկզբին Թուրքիայում ՀՆԱ-ի աճը կազմում էր մեկ շնչին միջինը 1000-1200 դոլար, այն դեպքում, երբ կոմունիստական եվրոպական երկրներում 4500-6500 դոլար էր։ Ընդ որում, հարկ է ընդգծել, որ հասարակական բարիքների բաշխումը Թուրքիայում անհամեմատ ավելի անհավասարաչափ էր, քան կոմունիստական երկրներում։
Մինչև 1980-ականները Թուրքիան անարդյունավետ տնտեսություն ունեցող երկիր էր` առանց բազմաբնույթ արտահանման ռեսուրսների և մեծ կախում ուներ արտաքին տնտեսական աջակցությունից։ Մասնավոր կապիտալն ընդունակ չէր իրագործելու խոշոր ենթակառուցվածքային նախագծեր և մնում էր պետությունից կախվածության մեջ, թեկուզ և Թուրքիան ավելի զարգացած երկիր էր, քան իր ասիական հարևանները կամ Ասիայի այլ պետություններ։ Էտատիզմը թույլ չտվեց Թուրքիային` ստեղծելու «երրորդ ուղու» իր մոդելը, և երկարատև տատանումներից հետո, 1980-ականներից, երկիրը սկսեց լիբերալ տնտեսական բարեփոխումների լուրջ ջանքեր գործադրել։ Լիբերալ ռեֆորմների արդյունքում թուրքական տնտեսությունը դարձավ ավելի արդյունավետ, մոբիլ ու ժամանակակից, փոխվեցին կառուցվածքային առաջնահերթությունները։ Ներմուծումը փոխարինելու ավանդական քաղաքականությունը փոխվեց արտահանման քաղաքականության, ստեղծվեցին արտահանմանն ուղղված նոր ոլորտներ. ավտոմոբիլաշինություն, քիմիա, դեղագործություն, մետալուրգիա։ 1980-90-ականներին բնակչության մեկ շնչին միջին հաշվով արձանագրվեց 1200-ից մինչև 3200 դոլար ՀՆԱ-ի աճ, իսկ գնողունակությամբ` 5000-6000 դոլար։ (Իրանում այդ ցուցանիշը 1600 դոլար է, Սիրիայում` 1500-ից ոչ ավելի, Եգիպտոսում` 1000)։ 1981-98 թթ. ՀՆԱ-ի ծավալը Թուրքիայում աճեց 62,2 մլրդ դոլարից մինչև 185,7 մլրդ դոլար, արտահանման ծավալները 1980-95 թթ. 2 մլրդ 261 մլն դոլարից աճեցին մինչև 23 մլրդ 197 մլն դոլար։ Այսինքն` տնտեսական ճգնաժամի հասունացման պահին Թուրքիան արդեն չէր կարելի դասել զարգացող երկրների շարքին, սակայն այն միաժամանակ բավականին հեռու էր տնտեսապես զարգացած երկրներից։
Թուրքիան բազմաբնույթ տնտեսություն և դիվերսիֆիկացված արտահանում ունեցող խոշոր երկիր է, որն ունի տնտեսական զարգացման բարենպաստ և ոչ բարենպաստ գործոնները։ Կարևոր բարենպաստ գործոն է համարվում լավ աշխարհագրական դիրքը` արդյունաբերական և էներգահումքային երկրների միջև, ինչպես նաև միջտարածաշրջանային կոմունիկացիաների առկայությունը, որոնք ունեն տրանզիտային կարևոր նշանակություն։ Տարողունակ ներքին շուկայի ստեղծմանը նպաստեց բնակչության արագ աճը, որի թիվը հասել է 68,5 մլն-ի, և որին բնորոշ է սպառման բարձր մակարդակը` քաղաքային և էթնիկական տարբեր խմբերի առկայության պայմաններում, որոնք միաժամանակ ունեն կոմերցիոն գործունեության բազմադարյա փորձ։ Բնակչության մեծ մասի կողմնորոշվածությունը դեպի սուննիզմի խանիֆիտական մազխաբի ուղղությունը պայմանավորում է բնակչության որոշակի պրագմատիզմը, նրա հակվածությունը տնտեսական ու աշխատանքային կարգ ու կանոնին, հանդուրժողականություն արտաքին տնտեսական սուբյեկտների ու գործընկերների նկատմամբ։ Թուրքիան երկար ժամանակ մնում էր ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կարևոր ռազմավարական գործընկերը, ինչի շնորհիվ էլ երկրում իրականացվեցին լայն ներդրումներ ռազմական ու քաղաքացիական ոլորտներում. կառուցվեցին օդանավակայաններ, ճանապարհներ, նավահանգիստներ, տերմինալներ, կապի ժամանակակից ցանցեր արևմտյան գործընկերների` ամենից առաջ ԱՄՆ-ի ու Գերմանիայի միջոցներով։
Թուրքիան տիրապետում է որոշ հանքահումքային ռեսուրսների, որոնցից արտահանման մեջ նշանակություն ունեն միայն պղինձը, քրոմը և վոլֆրամը։ Սակայն այս ռեսուրսային բազան որոշիչ չէ երկրի տնտեսության համար։ Կարևորագույն տնտեսական և նույնիսկ գեոռազմավարական նշանակություն ունեն հիդրոռեսուրսները, ամենից առաջ Եփրատ, Տիգրիս, Արաքս, Ճորոխ, Սեյխան և այլ գետերը, որոնք ձևավորվում են Հայկական լեռնաշխարհում։ Այս ջրային ռեսուրսների առկայությունը Թուրքիային առավելություններ է տալիս Մերձավոր Արևելքում։ Սակայն, միաժամանակ, աղքատ է նրա վառելիքային բազան, առկա են միայն շատ համեստ ռեսուրսներով ածխի ու նավթի հանքեր։ Վառելիքային ռեսուրսների ներկրումը թուրքական տնտեսության խոցելի կետերից մեկն է, քանի որ գործնականում Թուրքիային նավթ ու գազ մատակարարող բոլոր երկրները (Ռուսաստան, Իրաք, Իրան) Անկարայի բարեկամների թվին չեն պատկանում։ Այդ իսկ պատճառով Թուրքիայի համար կարևոր է անմիջական կապ ստեղծելը նավթի աղբյուրների հետ, որոնք գտնվում են կասպիական ավազանի իր գործընկեր երկրների վերահսկողության ներքո։ Թուրքիան այդպես էլ չի կարողացել ստեղծել տեղական հանքահումքային ռեսուրսների արտահանման նպաստավոր միջավայր, բացառությամբ Իսկենդերունում (Ալեքսանդրետ) գտնվող մետալուրգիական հզորությունների, որոնք, այնուհանդերձ, վճռորոշ չեն երկրի արտահանման մեջ։
Չնայած արդյունաբերության բուռն զարգացմանը, Թուրքիայի արտահանումը, այնուհանդերձ, կազմված է ավանդական ապրանքատեսակներից։ Արտահանման մինչև 32 տոկոսն ապահովվում է տեքստիլ ոլորտի հաշվին։ Սննդամթերքն ու ծխախոտը կազմում են արտահանման 14,5 տոկոսը, 13,9 տոկոսը` գունավոր ու սև մետաղները։ Երկար ժամանակ թուրքական տեքստիլը, սննդամթերքն ու ծխախոտը կայուն «նիշաներ» էին զբաղեցրել արևմտյան և մերձավորարևելյան երկրների շուկաներում։ Սակայն սկսած 1990-ականների կեսից` Թուրքիան բախվեց իր համար գործնականում աղետալի արտաքին տնտեսական պայմանների հետ, որոնք պայմանավորված էին իր արտահանումը կազմող ավանդական ոլորտների շուկաների փակմամբ։ Խորհրդային բլոկի փլուզումից հետո Թուրքիան ձեռք բերեց շատ լայն և արդյունավետ շուկաներ հետխորհրդային տարածքում ու Արևելյան Եվրոպայի երկրներում։ 1995-ին այդ երկրներ էր արտահանվում Թուրքիայից արտահանվող ապրանքների 48 տոկոսը (15,6 մլրդ դոլար), իսկ Եվրամիության երկրներ` 42 տոկոսը (13 մլրդ դոլար)։ Շուկաների այսպիսի բաժանումը շատ ձեռնտու էր, քանի որ թույլ տվեց մանևրել ապրանքային և ֆինանսական ռեսուրսներով ու քաղաքական կամ տնտեսական պայմանների բերումով գոնե ժամանակավորապես խուսափել իրական մրցակցությունից։ Եվրասիական և բալկանյան շուկաներում Թուրքիայի մասնակցությունն ահռելի դեր ունեցավ տնտեսական առաջընթացի առումով, քանի որ այդ շուկաները հնարավորություն տվեցին երկրի տնտեսությանը և, հատկապես, արդյունաբերությանը` ապահովել աճի բարձր տեմպեր (4,5 տոկոս) 1990-ականներին, չնայած ֆինանսական անկայունությանը և Թուրքիայում սղաճի բարձր մակարդակին։
Սակայն 1990-ականների երկրորդ կեսին եվրասիական շուկաները հեղեղվեցին իրանական ու չինական էժան ապրանքների ահռելի զանգվածներով, որոնք զգալիորեն սահմանափակեցին Թուրքիայի տեքստիլի ու սննդամթերքի արտահանման շուկաները։ 1998-ի տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում հանգեցրեց Թուրքիայի արտահանման անկմանը դեպի այդ երկիր 34,4 տոկոսով, որը 1999-ին հասավ 70,6 տոկոսի։ Դա Թուրքիայի ընդհանուր արտահանման վրա ազդեց 13 տոկոսով (6,4 մլրդ դոլար), իսկ ներմուծման վրա` 34 տոկոսով (7,9 մլրդ դոլար)։ Զգալիորեն նվազեցին «մաքոքային առևտրի» ծավալները, որոնք հասնում էին 10-12 մլրդ դոլարի, որից 5-6 մլրդ-ը բաժին էր ընկնում նույն Ռուսաստանին։ Ռուսական ճգնաժամը, որ իր ազդեցությունն ունեցավ բոլոր հետխորհրդային նորանկախ երկրների վրա առանց բացառության, ճգնաժամային իրավիճակ ստեղծեց Թուրքիայի համար շինարարական ոլորտում, որը կազմում էր ՀՆԱ-ի 6 տոկոսը և 1990-ականներին ԱՊՀ-ում շուրջ 10 մլրդ դոլարի ծառայություններ էր մատուցում։
Թուրքիան Եվրամիության երկրներ արտահանում է իր ընդհանուր արտահանման 40-42 տոկոսը, իսկ ներմուծման 35-41 տոկոսը նույնպես բաժին է ընկնում եվրոպական երկրներին։ Միաժամանակ Թուրքիայում իրականացվող ներդրումների 70 տոկոսը եվրոպական ծագում ունի։ Թուրքիայի ինտեգրացիան եվրոպական հանրություն ձգվում է բավական երկար։ 1963-ին ստորագրվեց Թուրքիայի` Եվրամիության ասոցիացված անդամ դառնալու մասին համաձայնագիրը, 1970-ին ընդունվեց լրացուցիչ արձանագրությունը, որն ուժի մեջ մտավ 1973-ից։ 1995-ին ստորագրվեց համաձայնագիր Եվրամիության մաքսային միության և Թուրքիայի միջև, որն ուժի մեջ մտավ 1996-ին և նախատեսում է միասնական մաքսային սակագին երրորդ երկրների հետ առևտրում։ Այն նաև ենթադրում էր Թուրքիային անհատույց օգնության տրամադրում 3,2 մլրդ դոլարի չափով։ Սակայն այդ համաձայնագիրը հանգեցրեց Թուրքիայի արտաքին առևտրային բալանսի դեֆիցիտի աճի 22 մլրդ դոլարով, ինչն իր ազդեցությունն ունեցավ վճարման բալանսի վիճակի վրա։ Տեքստիլ արդյունաբերությունը ոչ միայն ձեռք չբերեց նոր շուկաներ Եվրոպայում, այլև կորցրեց նախկին շուկաները։ Բացի այդ, Թուրքիան ինքը հեղեղվեց եվրոպական և երրորդ երկրների ապրանքներով, ու պարզվեց, որ թուրքական տնտեսությունը եվրոպական շուկաներում պատրաստ չէ «հավասարազոր» գործընկերոջ դերակատարության։
Թուրքիայի տնտեսության կենսագործունեության առումով կարևոր դեր ունի նրան ցուցաբերվող արտաքին տնտեսական աջակցությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան, իբրև ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր, մի քանի տասնամյակի կտրվածքով ուներ արտաքին աջակցության ու վարկերի ձեռքբերման բարենպաստ պայմաններ։ 1950-ականներին Անկարան տարեկան միջինը ստացել է 178 մլն դոլարի արտաքին վարկ ու աջակցություն։ 1960-ականներին այդ ցուցանիշը տարեկան միջին կտրվածքով կազմել է 300 մլն դոլար, 1970-ականների առաջին կեսին` 600 մլն, 1976-1983-ին տարեկան 2,5 մլրդ դոլար, 1984-87-ին` 4,9 մլրդ դոլար։ Տնտեսության առաջատար ոլորտների ֆինանսավորման մեջ արտաքին բաղադրիչը, հատկապես էներգետիկայի, մետալուրգիայի, լեռնահանքային արդյունաբերության, կոմունիկացիաների ու ոռոգման ոլորտներում վերջին տասնամյակներին կազմել է 40-60 տոկոս։ Միաժամանակ չորս տասնամյակի կտրվածքով անհատույց օգնության և արտոնյալ վարկերի ծավալն ընդհանուր արտաքին մուտքերի մեջ հետևողականորեն նվազել է։ Միջին տոկոսադրույքն արտաքին վարկերում 1970-ին 3,6 տոկոս էր, իսկ 1984-ին` արդեն 9,6 տոկոս։ Նվազել է նաև վարկերի տևողությունը` 19-ից մինչև 12 տարի, իսկ վարկերի արտոնյալ ժամանակահատվածը` 5-ից 4 տարի։ Առավել արտոնյալ վարկեր են տրամադրել զարգացած արդյունաբերական երկրները (15-30 տարով), որոնց մարումը սկսվում է տասը տարուց, իսկ միջին տոկոսադրույքը տարեկան 1,5-3,5 տոկոս է։ Արտաքին ֆինանսավորումը թույլ տվեց ոչ միայն կայունացնել ֆինանսական համակարգը Թուրքիայում, այլև ստեղծել առաջատար արդյունաբերական ոլորտներ, փոխել տնտեսության ու արդյունաբերության կառուցվածքը, ստեղծել նոր արտահանող արտադրություններ։ Սակայն այսպիսի զանգվածային արտաքին ֆինանսավորման հետևանքով Թուրքիայի արտաքին պարտքը, բնականաբար, աճեց։ 1962-ին այն 1,6 մլրդ էր, 1972-ին` արդեն 5 մլրդ դոլար, 1982-ին` 16, 2, 1992-ին` 55,6, իսկ 1998-ին հասավ 90 մլրդ դոլարի։ 1980-ականների կեսերից Թուրքիան արտաքին պարտքի մարմանն է ուղղում իր ՀՆԱ-ի 9 տոկոսը և արտահանումից ստացվող վալյուտային մուտքերի ու մասնավոր արտաքին տրանսֆերտների 53 տոկոսը։
1994-ին Թուրքիան վերապրեց լիբերալ ռեֆորմների սկզբնավորումից ի վեր առաջին զանգվածային ճգնաժամը, երբ արդյունաբերության անկումը կազմեց 6 տոկոս։ Այդ անկումն այսօր էլ նկատվում է արդյունաբերության առաջատար ճյուղերում։ ԱՄՀ-ի կողմից Թուրքիային տրված 700 մլն դոլար վարկն այն ժամանակ միայն մեղմեց ճգնաժամային գործընթացը, բայց չշտկեց իրավիճակը։ 1995-ին Թուրքիայում սկսվեց քաղաքական ճգնաժամ, որն իր անդրադարձն ունեցավ նաև արտաքին վարկավորողների վերաբերմունքի վրա։ ԱՄՀ-ն մերժեց Ն. Էրբաքանի կառավարությանը վարկի տրամադրումը։ Գործընթացը ձգվեց երկու տարուց ավելի, և միայն 1999-ի դեկտեմբերին ԱՄՀ-ն որոշում ընդունեց Թուրքիային 4 մլրդ դոլար հատկացնելու վերաբերյալ` մինչև 2002 թվականը ռեֆորմներ իրականացնելու համար։ Միայն այս որոշումից հետո էր, որ Թուրքիայի տնտեսությունը սկսեց ճգնաժամի հաղթահարման միտումներ դրսևորել, սակայն ներկայիս գլոբալ տնտեսական ճգնաժամի հետ կապված` Թուրքիան կրկին հայտնվեց անելանելի վիճակում, և ԱՄՀ-ն տրամադրել է արդեն նոր վարկեր 19 մլրդ դոլար ծավալով, թեպետ Անկարան հույս ունի ստանալու 20-40 մլրդ։ Թուրքիան, որ ձգտում է իրականացնել բազմավեկտոր քաղաքականություն, կառուցել ավելի անկախ հարաբերություններ Ռուսաստանի, Իրանի և արաբական երկրների հետ, ինչպես նախկինում, համոզվեց, որ անհնարին է քիչ թե շատ կայուն զարգացում ապրել առանց արևմտյան հանրության օգնության։
Չնայած կուտակած հսկայական տնտեսական ներուժին, Թուրքիան շարունակում է մնալ «երրորդ աշխարհի» երկիր` անկայուն տնտեսությամբ և զգալի սոցիալական հիմնախնդիրներով։ Տնտեսական ու սոցիալական գործոններն էական ազդեցություն ունեն Թուրքիայի քաղաքականության վրա` ավելի շատ ի ցույց դնելով նրան իբրև անհուսալի գործընկերոջ։ Այդ անհուսալիությունն իր արտահայտությունն է գտնում ինչպես ԱՄՆ-ի ու Եվրոպայի, այնպես էլ Մերձավոր Արևելքի և եվրասիական պետությունների հետ հարաբերություններում։ Եվ, իհարկե, այդ տոտալ անհուսալիությունը ոչ միայն տնտեսական վիճակի դրսևորումն է, այլև պայմանավորված է խորքային պետական ու քաղաքակրթական ճգնաժամով։ Հակառակ այն կանխատեսումների, թե թուրքական պետականության ու հասարակության ճգնաժամը կհանգեցնի նրա ագրեսիվությանն արտաքին քաղաքականության մեջ, իրականում Թուրքիան այլևս ընդունակ չէ հավակնոտ էքսպանսիայի իրականացման Բալկաններում, Մերձավոր Արևելքում ու Եվրասիայում փորձելու է կարգավորել հարաբերություններն իր ավանդական հակառակորդների հետ։ Թուրքիան համոզվել է, որ առանց ԱՄՆ-ի լուրջ աջակցության ինքը չի դառնա եվրասիական տերություն, իսկ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները բացարձակապես շահագրգիռ չեն Թուրքիայի ազդեցության ուժեղացմամբ Եվրասիայում, նույնիսկ Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին դուրս մղելու ծրագրի շրջանակներում։ Արևմտյան հանրությունը հետագայում շարունակելու է սահմանափակել Թուրքիայի տնտեսական զարգացումը որպես իր գեոռազմավարական գործառույթները սպառած գործընկերոջ։ Թուրքական մեծապետականության պիկն այլևս անցյալ է։ Եվ այս պայմաններում այնպիսի խնդիրներ, ինչպիսք Ղարաբաղինն են, բացարձակապես չեն հետաքրքրում թուրքական քաղաքական ու ռազմական էլիտային։ Գործընկերային հարաբերություններում Թուրքիայի անհուսալիությունը ոչ պակաս չափով դրսևորվում է Ադրբեջանի նկատմամբ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3744

Մեկնաբանություններ